Archive

Posts Tagged ‘ֆուտբոլ’

Մրցավար-Հայաստան 3-1

June 5, 2011 1 comment

«Վաղուց նման ահավոր մրցավարություն չէի տեսել», – ասաց Ռոման Բերեզովսկին «Ռուսաստան»-Հայաստան հանդիպումից հետո:

Չեմ փորձի արդարացնել մեր տղաների այն երկու դիրքային սխալները, որոնց հետևանքով Պավլյուչենկոն դարձավ երկու միանման գոլի հեղինակ: Բոլորն էլ սխալվում են: Ավելի կոպիտ սխալ թույլ տվեցին նաև Ռուսաստանի «գերփորձառու» և «ամենակարող» կենտրոնական պաշտպաններն ի դեմս Իգնաշևիչի, որից օգտվեցին Յուրան և Մարկոսը ու շոկի մեջ գցեցին Դիկ Ադվոկատին (համոզված եմ՝ այդ պահին նա արդեն մտածում էր, թե որտեղ պետք է աշխատի վաղվանից): Ափսոս, որ երկար չտևեց մեր ուրախությունը:

Խոսելով մրցավարությունից՝ ո՞վ է այդ Ստեֆան Լանուան: Խաղի նախօրեին ֆուտբոլային մի հաղորդման ժամանակ նշեցին, որ այս մրցավարը չափազանց քիչ է դեղին քարտ ցույց տալիս և միշտ թույլ է տալիս շարունակել պայքարը: Պարզվեց՝ այդպես չէ: Մըսյո Լանուան աջ ու ձախ քարտեր էր «նվիրում» մեր ֆուտբոլիստներին, մինչդեռ ռուսները ում ցանկանում, ոտքերի տակ էին գցում: Օրինակ՝ Վասիլի Բերեզուցկին միայն հինգերորդ անգամից զգուշացվեց, այն էլ հանդիպման վերջին րոպեներին:

Բայց քարտերն էլ դեռ մի կողմ: Նա նշանակեց մի անիմաստ տասնմեկմետրանոց, որն անչափ կասկածելի էր: Նման իրավիճակում ոչ մի բարձրակարգ մրցավար այդքան մեծ պատասխանատվություն չէր վերցնի իր ուսերին՝ ելնելով խաղի հաշվից. չէ՞ որ հաշվի տարբերությունն ընդամենը մեկ գնդակ էր, և հայերը բոլոր հնարավորություններն ունեին հավասարեցնելու խաղը:

«Բոլորն էլ տեսան, որ 11-մետրոնոց չկար», – Հովսեփյանի խոսքերն է մեջբերում Sportbox.ru-ն: «Մենք հասցրեցինք նայել կրկնությունը, դա հաստատ է: Եվ մրցավարը ինքն էլ արդեն խոստովանել է, որ սխալվել է»:

Իսկ Հենրիխի չհաշված գո՞լը: Մրցավարն ասում է՝ խաղից դուրս էր: Տեսնես՝ հիշե՞լ է Չեմիպոնների լիգայի իր վարած Արսենալ-Օլիմպիակոս խաղը, երբ նույն Արշավինը Արսենալի երկրորդ և հաղթական գոլը խփեց ակնհայտ խաղից դուրս վիճակից, ու մեր շատ «սիրելի» Լանուան այն հաշվեց: Մեր դեպքում Հենոն միայն մարմնով էր առաջ պաշտպանից՝ միլիմետրերի տարբերությամբ: Ի՜նչ սուր աչք ունի եզրային մրցավարը, որը բարձրացրեց դրոշակը:

Դե տեսեք: Եթե չլիներ տասնմեկմետրանոցը և լիներ Հենոյի գոլը, մենք ամենաքիչը չէինք պարտվի: Կլինեն մարդիկ, որ կասեն. «Կրվել եք, մեղքը բարդում եք ուրիշների վրա»: Բայց եկեք իրատես լինենք. Ռուսաստանը հայերից լավ չխաղաց: Ավելին՝ Ռուսաստանն ընդհանրապես չխաղաց: Երկու դրվագ՝ երկու գոլ: Ու առանց այս մրցավարի խաղը հաստատ այլ կերպ կավարտվեր:

Հ.Գ. Խաղից հետո կայացած մամուլի ասուլիսում Վարդան Մինասյանը կտրականապես հրաժարվեց մեկնաբանել մրցավարությունը, ինչը հասկանալի է: Բայց նա շատ կարևոր խոսքեր ասաց. «Մեր տղաները 21-22 տարեկան են, որոնց պակասում է փորձը: Իսկ փորձը ոչ մի գրքում չես կարդա և չես սովորի»: Եվ նա լիովին ճիշտ է: Մեր հավաքականը մեծ հեռանկարներ ունի: Եվ պետք չէ կենտրոնանալ Լեհաստան և Ուկրաինա գնալու վրա: Մենք դեռ պատրաստ չենք Եվրո-2012-ին: Բայց Եվրոները և Մունդիալները դեռ գալու են… հաստատ գալու են…