Archive

Posts Tagged ‘կարճ պատմվածք’

Տանիքում

August 28, 2011 2 comments

Կանգնած եմ բարձրահարկ շենքի տանիքին: Տեսնում եմ՝ ինչպես է մութը կամաց-կամաց մեկը մյուսի հետևից կուլ տալիս ամպերին: Լսում եմ քաղաքի աղմուկը. մարդիկ, մեքենաներ, երաժշտություն… Քամին անցնում է մարմնիս միջով՝ վեր հանելով վերնաշապիկս: Դիմացի շենքերում սկսում են հատիկ-հատիկ դեղնել բաց պատուհանները: Երեկո է սկսվում:

Բայց տխուր չեմ: Ամեն տեսակ միտք անցնում է գլխովս: Ինքս ինձ հարցեր եմ տալիս, որոնց պատասխանները գուցե երբեք չգտնեմ: Գիտեմ, որ շատ հարցերում անհաջող եմ եղել: Գիտեմ, որ եթե ուրիշ որոշումներ կայացնեի, հիմա ավելի երջանիկ կլինեի: Բայց չեմ դժգոհում: Կյանքս դասավորվում է: Մի քիչ այլ կերպ, քան պատկերացնում էի, բայց դասավորվում է:

Սակայն զգում եմ՝ մի բան չի հերիքում: Մի չնչին մանրուք, որը հանգիստ չի տալիս ամեն օր: Մի փոքրիկ դետալ, որը չի թողնում կենտրոնանալ ու հավաքվել: Մի անէական հանգամանք, որը երևի ինձ բերել է այս տանիք: Երազա՞նք եմ հետապնդում: Դժվար թե այս տանիքում: Ռոմանտիկա՞ եմ փնտրում: Ինչի՞ս է պետք: Իսկ ի՞նչ…

Մի վայրկյան: Քայլեր եմ լսում: Մարդ կա մեջքիս հետևում: Կանգնեց: Պտտվում եմ: Աղջիկ է:

– Կներեք, – խոսեց, – չգիտեի, որ այստեղ մարդ կա:

– Կներեք, – խոսեցի, – չգիտեի, որ սա Ձեր տեղն է:

– Ես այստեղ հաճախ եմ գալիս:

– Իսկ ես առաջին անգամ: Բայց արդեն գնում եմ…

– Կարող եք մնալ: Տանիքը մեծ է:

– Ես երբեք նման բան չեմ արել:

– Առաջին անգա՞մ եք ինքներդ Ձեզ հետ մնում, – ժպտաց:

– Հենց նոր հասկացա, որ այո, – ժպտացի:

– Օգտակար է:

– Գուցե:

Մոտեցավ: Վերցրեց ձեռքս: Քայլեց դեպի տանիքի եզրը: Կանգնեց ամենածայրին ու ինձ էլ քաշեց այդ կողմ: Քամին ուժեղացավ՝ անցնելով նրա մազերի միջով:

– Զգո՞ւմ եք, – գրեթե գոռաց:

– Քամի է, – գրեթե գոռացի:

– Մաքրում տանում է բոլոր մտքերը: Ազատում է հոգսերից:

– Բայց չէ՞ որ հենց իջնենք տանիքց, թե՛ մտքերը, թե՛ հոգսերը կվերադառնան:

– Այո: Բայց հենց հիմա ազատ ենք… Վայելի՛ր:

Քամին հանդարտվեց: Մի քայլ հետ գնացինք: Նայեցի նրա աչքերի մեջ: Զգացի՝ ազատ եմ: Զգացի՝ դատարկ չեմ:

– Գիտես, երբեք տանիքի վրա որևէ մարդու հետ չեմ ծանոթացել… այն էլ՝ աղջկա… այն էլ՝ այսպիսի աղջկա… որի հետ դեմ չէի լինի մեկ անգամ էլ հանդիպել… թեկուզ ոչ տանիքում….

Ժպտաց: Ես էլ ժտպացի…

Advertisements
%d bloggers like this: