Հին օրերի վերադարձը «Հանրապետականում»


Երեկ՝ հունիսի 30-ին կայացավ Եվրոպայի լիգայի որակավորման առաջին փուլի «Բանանց» Երևան – «Մետալուրգ» Ռուսթավի (չգիտեմ, թե Առաջին լրատվականը որ աղբյուրից է օգտվել, բայց իրենց կայքում հյուրերի քաղաքը նշել են Քութաիսի) հանդիպումը:

Անձամբ գտնվելով մարզադաշտում` կարող եմ վստահ փաստել. նման խայտառակ խաղ վերջին տարիներին «Հանրապետականը» չէր տեսել: Այնպիսի տպավորություն էր, որ 1998 թվականն է: Որովհետև այն ժամանակ էր, որ 0-1 հաշվով պարտությունը մեզ համար ուրախության առիթ էր: Այսօր հայ ֆուտբոլասերը սովորել է լավ խաղին և դրական արդյունքներին: Իսկ այն ինչ անում էր «Բանանցը» բակի ֆուտբոլ էլ չէր:

Ինչպե՞ս կարող է պրոֆեսիոնալ ֆուտբոլիստը, որը խաղադաշտ դուրս գալու համար աշխատավարձ է ստանում (ինչքան էլ որ լինի) չկարողանա հարվածել գնդակին, երբ նրան ոչ ոք չի խանգարում. նրա ոտքը գնդակից մոտ 10 սանտմետր հեռավորության վրա ցանուցրիվ արեց 10 միլիարդ Co2H2O2 մոլեկուլ՝ օդ:

Իսկ «Բանանցի» գլխավոր (շեշտում եմ՝ գլխավոր) մարզիչ պարոն Նազարյանը տեղյակ չի, թե ինչո՞ւ իր թիմն այդպիսի «ֆուտբոլ» խաղաց: Այո, այո: Նա մամուլի ասուլիսի ժամանակ հենց այդպես էլ ասաց.

«Չեմ կարող ասել, թե ինչն է պատճառը, բայց իրոք պասիվ էին խաղում»:

Իսկ ո՞վ, եթե ոչ գլխավոր մարզիչը պետք է իմանա՝ ինչու է իր թիմը վատ խաղում: Լավ է՝ գոնե նկատել է, որ պասիվ էին:

Չէի ասի, որ վրացիները լավ էին խաղում: Սակայն կարևորն այն է, որ ԽԱՂՈւՄ էին: Ու արժանի հաղթանակ տարան՝ պատժելով հակառակորդին:

Իսրյելցի մրցավարն էլ արեց ամեն ինչ, որ մեր տղաները կարողանան մի բան անել: Նույնիսկ խաղադաշտից հեռացրեց գոլ խփած հարձակվողին հաջողությունը չափազանց բուռն տոնելու համար:

Ամեն դեպքում, «Բանանցը» ոչինչ չցուցադրեց: Նույնիսկ վերջին րոպեներին անցկացրաց մի քանի գրոհենրը, որոնք, փառք Աստծո, ավարտվեցին հարվածով վրացիների դարպասին, չկանխեցին հանդիսատեսին իր դժգոհությունն արտահայտելուց: «Բանանցը» շտապ և գլխիկոր հեռացավ մարզադաշտից:

Տեսնենք՝ ինչ կլինի հաջորդ շաբաթ: Լինենք լավատես… 😛

Advertisements

Օրիգինալ լրագրություն. ինչպես պատրաստել ինքնատիպ նյութեր

June 27, 2011 Leave a comment

Ցանկացած լրագրող ձգտում է պատրաստել իր նյութն այնպես, որ այն հնչի ինքնատիպ և նորովի: Ինքնատիպությունը գալիս է փորձի հետ: Սակայն ինչպես շատերն են ենթադրում, ինքնատիպ նյութ ստեղծելն ավելի ու ավելի բարդ գործ է դառնում:

Այսօր լրագրողների կատարած աշխատանքի ծավալն ավելի մեծ է, քան մի քանի տարի առաջ: Զարմանալի չէ, որ այդ ահռելի աշխատանքի ծավալի պատճառով այնպիտի տպավորություն է ստեղծվում, որ ավելի շատ ժամանակ է ծախսվում նյութի մշակման, այլ ոչ դրա փնտրման վրա: Բացի այդ տեղեկատվության (ե ապատեղեկատվության) մեծ քանակությունը, որը կարելի է գտնել համացանցում, շատ հաճախ պարզապես փակուղի է բերում:

Ինքնատիպությունը ժամանակ, մեծ ջանք և մշտականա պրակտիկա է պահանջում: Պատրաստ եղեք, որ ստիպված եք լինելու նորովի մտածել և, հնարավոր է, հրաժարվել մի շարք սովորություններից: Ընտրությունը Ձերն է:

BBC-ի բազմաթիվ թղթակիցներ, պրոդյուսերներ և խմբագիրներ ասում են նույն բանը. լրագրողի համար ամենակարևորը հետաքրքրասիրությունն է: Եթե բավականաչափ հետաքրքրասեր չեք, լավ լրագրող Դուք չեք դառնա:

Նրանցից մեկն, օրինակ, աշխատել է մի խմբագրի հետ, որը «կարող էր 500 մետր տարածության վրա ավելի շատ հետաքրքիր նյութ գտնել, քան որևէ այլ լրագրող: Կարելի է հայտնել փողոցի աղբի, կանգառների, խցանումների, նոր մեքենաների քանակի, մարդկանց, որոնք ծխում են սրճարաններում, որովհետև նրանց արգելել են ծխել աշխատանքի վայրում, նոր խանութների բացման/փակման, անօթևանների, շինարարարությունների և շատ ու շատ այլ բաների մասին»: Եվ իսկապես, քանի՞ անգամ ենք անցել որևէ շինարարության կողքով և չենք մտածել, թե ինչ են այնտեղ կառուցում:

Մեկ այլ լրագրող գտնում է, որ պետք է այնքան հետաքրքրասեր լինել, որ «սպիտակ պատ տեսնելով՝ հետաքրքրվել, թե ինչո՞ւ է այն սպիտակ»:

Ինչպե՞ս զարգացնել հետաքրքրասիրությունը: Միայն գործնական աշխատանքներով: Եթե զրուցում եք Ձեր ընկերոջ հետ, թերթ կամ ամսագիր եք կարդում կամ պարզապես փողոցում ինչ-որ բան եք տեսել, միշտ հարցրեք «ինչո՞ւ»: Փորձեք ինքներդ Ձեզ տալ բոլոր հնարավոր հարցերը, որոնք առաջանում են, երբ որևէ բան եք տեսել, լսել կամ կարդացել: Կարելի է մարզվել թերթերի կարճ նորությունների բաժնի վրա: Գտեք ամենասակավաբառ հոդվածը, ուշադիր կարդացեք այն և տվեք այն հարցերը, որոնց պատասխանները հոդվածում չկան:

Սովորեք անմիջապես արձագանքել ստացված տեղեկատվությանը: Ո՞րն է Ձեր առաջին ռեակցիան: Ինչի՞ մասին մտածեցիք սկզբից: Արդյո՞ք նույն կերպ կմտածեն ուրիշները: Մարզվեք անընդմեջ և ամենուր: Շատ հնարավոր է, որ Դուք կնկատեք մի կարևոր տարր, որն ուրիշները չեն նկատել:

Ահա, թե ինչ է մտածում այս առիթով BBC2 հեռուստաալիքի Newsnight ծրագրի հաղորդավար Մայքլ Քրիկը. «Ամեն օր, երբ Դուք խմբագրում եք Ձեր նյութը, հարցրեք ինքներդ Ձեզ՝ կարո՞ղ եմ արդյոք ինչ-որ բան ավելացնել, որ այն դառնա ավելի ինքնատիպ»:

Լրագրողի մտածելակերպ ձեռք բերելու համար պարտադիր չէ հատուկ հմտություններ ունենալ: Պարզապես հետաքրքրվեք ամենինչով: Եղե՛ք հետաքրքրասեր:

Աղբյուր: JNews.am

Ռոբերտո Կառլոսը ձեզ համար կապիկ չի (վիդեո)

June 23, 2011 1 comment

Մադրիդի Ռեալի և Բրազիլիայի հավաքականի հանրահայտ պաշտպան Ռոբերտո Կառլոսը հայտնվել է անախորժ իրավիճակում… արդեն երկրորդ անգամ:  Ռուսաստանի բարձրագույ խմբի առաջնության հերթական տուրում՝ «Կռիլյա Սովետով» Սամարա – «Անժի» Մախաչկալա (Կառլոսը հանդիսանում է վերջինիս ավագը) խաղի 90-րդ րոպեին, երբ անվանի բրազիլացու թիմը հաղթում էր 0-3 հաշվով, ինչ-որ մի տհաս ֆանատ Կառլոսի ոտքերի տակ ադամաթուզ (բանան) է նետել: Խորապես վիրավորված Կառլոսը նույնիսկ չի ցանկացել շարունակել հանդիպումը և անմիջապես դուրս է եկել խաղադաշտից:

Այ այստեղ է զգացվում երկրպագելու կուլտուրայի պակասը: Ֆուբոլիսը աշխարհի չեմպիոն է, իսկ դու նրան կապիկի տե՞ղ ես դնում: Ռուս ֆանատները, որ թիմին էլ որ երկրպագեն, պետք է պարզապես հպարտ լինեն այն փաստով, որ Կառլոսի կարգի ֆուտբոլիստը համաձայնել է հանդես գալ նրանց երկրի առաջնությունում (տեսնես՝ «Անժիի» ղեկավարները քանի՞ ամիս են աղաչել, որ նա պայմանագիր ստորագրի):

Սա արդեն երկրորդ նման դեպքն է, ինչ Ռոբերտոն տեղափոխվել է Ռուսաստան: Մեկ անգամ էլ այսպիսի ռասիստական քայլ են կատարել նրա հանդեպ Սանկտ-Պետերբուրգում:

Տեսնես՝ այդ «Զենիթի» և «Կռիլյա Սովետովի» ֆանատները ինչպե՞ս են վարվում իրենց սիրելի թիմի լեգեոներների հետ:

Ամեն դեպքում, Ռոբերտո Կառլոսն այն մարդը չէ, ում նկատմամբ կարելի է նման անվայել արարք թույլ տալ: Նա միշտ էլ աչքի է ընկել խաղադաշտում իր սպորտային պահվածքով, միշտ ներողություն է խնդրել իր կատարած խախտումների համար և մեծ նվիրումով է միշտ խաղացել յուրաքանչյուր թիմի համար, որտեղ հանդես է եկել:

Ռուսաստանի ֆուտբոլի ֆեդերացիան պարզապես պարտավոր է միջոցներ ձեռնարկել՝ պատժելու այն թիմերին, որոնց երկրպագուները նման ռասիստական արարքներ են գործում:

Մետրոն էլ դարձավ 100 դրամ, բայց Wi-Fi չունի

June 21, 2011 Leave a comment

Այսօր Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը հայտարարեց, որ հուլիսի 1-ից մետրոյի ժետոն գնելու համար ուղևորը պետք է վճարի ոչ թե 50, այլ 100 դրամ: Պատճառն էլ ասվեց: Կառավարությունը մետրոյի անխափան աշխատանքի համար 10 միլիոն դոլար վարկ է վերցրել և պատրաստվում է այն մարել ուղևարձի թանկացման հաշվին:

Քաղաքապետը նաև խոսք տվեց, որ այլ տրանսպորտային միջոցի թանկացում չի սպասվում:

Փաստորեն տրանսպորտային ռեֆորմները շարունակվում են: Մետրոն թանկացավ, բայց փոխարենը ավտոբուսներում Wi-Fi ունենք: Հիմա այն ուղևորներին, որոնք մետրոյի համար պետք է 100 դրամ վճարեն, ավելի ձեռնտու կլինի ճանապարհորդել ավտոբուսով: Գոնե այդ 100 դրամի Facebook կմտնեն:

Ինտերնետ-ավտոբուսներ. Երևանի ավտոբուսները Wi-Fi ունեն

June 16, 2011 Leave a comment

Ինչպես հայտնում է Ditord.am կայքը՝ Երևանի քաղաքապետարանը Wi-Fi սարքեր է տեղադրել երևանյան ավտոբուսներում՝ փորձելով ավելացնել ավտոբուսներից օգտվողների թիվը:

Ըստ Երևանի քաղաքապետարանի մամլո ծառայության՝ անլար ինտերնետն արդեն փորձարկվել է հինգ ավտոբուսներում, իսկ ծրագիրը չի տարածվի երթուղայինների վրա:

Ծրագիրը հասանելի կլինի հասարակությանը հինգշաբթի օրը:

Սակայն չեն նշվում այն ավտոբուսների երթուղիների համարները, որոնք սարքավորված կլինեն Wi-Fi ինտերնետով:

Շատ լավ նախաձեռնություն է, որը մեծ հնարավորություններ է բացում: Օրինակ՝ հետևի դուռը բացելու համար ուղևորը ստիպված չի լինի բղավել ավտոբուսով մեկ, այլ Facebook-ով message կուղարկի ավտոբուսի վարորդին:

Նոր հաղորդաշարը մեկնարկում է տառասխալներով


Անկասկած, հայկական հեռուստատեսությունը զարգանում է: Հաղորդումները դառնում են, ավելի որակով, ֆիլմերի հայերեն թարգմանություններին կարծես թե սովորել ենք: Միայն սերիալներն են մնում նույնքան դեպրեսիվ, ձանձրալի և անիմաստ (սակայն դա մեկ այլ շաաաաատ ցավոտ թեմա է):

Բայց այդ զարգացումներին զուգահեռ շարունակում են հեռուստատեսության անբաժանելի մաս մնալ կիքսերը: Սակայն անչափ տհաճ է, երբ այդ կիքսերը օպերատորական կամ ռեժիսորական աշխատանքի հետ չեն կապված: Այլ հաղորդումներ պատրաստողները սխալներ են թույլ տալիս հայերեն լեզվի մեջ: Չէ՞ որ հեռուստատեսության կարևորագույն գործառույթներից մեկն էլ հենց ՀՀ պետական լեզվի պրոպագանդումն է:

Ուշադիր նայեք նկարին: Եթե իմ հիշողությունը և տարրական կրթությունն ինձ չեն դավաճանում, հայոց լեզվի այբուբենում կա «և» տառը, որն, ի դեպ, Մաշտոցը չի ստեղծել: Իսկ քանի որ «և» տառի համար հետմաշտոցյան այբուբեն «գրողները» մեծատառ տարբերակը չեն մտածել, ընդունված է այդ երկհնչյունը պատկերել «Եվ» այս տեսքով:

Մի խոսքով. ասածս այն է, որ 12 հեռուստաալիքի նոր՝ «Ստոպ չտաք» հաղորդաշարը սկսվեց տառասխալով: Ավելի լավ է «Ստոպ տվեք» ու մի պահ աչքի տակ անցկացրեք եթեր հեռարձակելուց առաջ: Հուսանք շարունակությունն ավելի գրագետ կլինի, և «Գրագետն» իր հայացքը այլևս այդ կողմ չի գցի:

Մրցավար-Հայաստան 3-1

June 5, 2011 1 comment

«Վաղուց նման ահավոր մրցավարություն չէի տեսել», – ասաց Ռոման Բերեզովսկին «Ռուսաստան»-Հայաստան հանդիպումից հետո:

Չեմ փորձի արդարացնել մեր տղաների այն երկու դիրքային սխալները, որոնց հետևանքով Պավլյուչենկոն դարձավ երկու միանման գոլի հեղինակ: Բոլորն էլ սխալվում են: Ավելի կոպիտ սխալ թույլ տվեցին նաև Ռուսաստանի «գերփորձառու» և «ամենակարող» կենտրոնական պաշտպաններն ի դեմս Իգնաշևիչի, որից օգտվեցին Յուրան և Մարկոսը ու շոկի մեջ գցեցին Դիկ Ադվոկատին (համոզված եմ՝ այդ պահին նա արդեն մտածում էր, թե որտեղ պետք է աշխատի վաղվանից): Ափսոս, որ երկար չտևեց մեր ուրախությունը:

Խոսելով մրցավարությունից՝ ո՞վ է այդ Ստեֆան Լանուան: Խաղի նախօրեին ֆուտբոլային մի հաղորդման ժամանակ նշեցին, որ այս մրցավարը չափազանց քիչ է դեղին քարտ ցույց տալիս և միշտ թույլ է տալիս շարունակել պայքարը: Պարզվեց՝ այդպես չէ: Մըսյո Լանուան աջ ու ձախ քարտեր էր «նվիրում» մեր ֆուտբոլիստներին, մինչդեռ ռուսները ում ցանկանում, ոտքերի տակ էին գցում: Օրինակ՝ Վասիլի Բերեզուցկին միայն հինգերորդ անգամից զգուշացվեց, այն էլ հանդիպման վերջին րոպեներին:

Բայց քարտերն էլ դեռ մի կողմ: Նա նշանակեց մի անիմաստ տասնմեկմետրանոց, որն անչափ կասկածելի էր: Նման իրավիճակում ոչ մի բարձրակարգ մրցավար այդքան մեծ պատասխանատվություն չէր վերցնի իր ուսերին՝ ելնելով խաղի հաշվից. չէ՞ որ հաշվի տարբերությունն ընդամենը մեկ գնդակ էր, և հայերը բոլոր հնարավորություններն ունեին հավասարեցնելու խաղը:

«Բոլորն էլ տեսան, որ 11-մետրոնոց չկար», – Հովսեփյանի խոսքերն է մեջբերում Sportbox.ru-ն: «Մենք հասցրեցինք նայել կրկնությունը, դա հաստատ է: Եվ մրցավարը ինքն էլ արդեն խոստովանել է, որ սխալվել է»:

Իսկ Հենրիխի չհաշված գո՞լը: Մրցավարն ասում է՝ խաղից դուրս էր: Տեսնես՝ հիշե՞լ է Չեմիպոնների լիգայի իր վարած Արսենալ-Օլիմպիակոս խաղը, երբ նույն Արշավինը Արսենալի երկրորդ և հաղթական գոլը խփեց ակնհայտ խաղից դուրս վիճակից, ու մեր շատ «սիրելի» Լանուան այն հաշվեց: Մեր դեպքում Հենոն միայն մարմնով էր առաջ պաշտպանից՝ միլիմետրերի տարբերությամբ: Ի՜նչ սուր աչք ունի եզրային մրցավարը, որը բարձրացրեց դրոշակը:

Դե տեսեք: Եթե չլիներ տասնմեկմետրանոցը և լիներ Հենոյի գոլը, մենք ամենաքիչը չէինք պարտվի: Կլինեն մարդիկ, որ կասեն. «Կրվել եք, մեղքը բարդում եք ուրիշների վրա»: Բայց եկեք իրատես լինենք. Ռուսաստանը հայերից լավ չխաղաց: Ավելին՝ Ռուսաստանն ընդհանրապես չխաղաց: Երկու դրվագ՝ երկու գոլ: Ու առանց այս մրցավարի խաղը հաստատ այլ կերպ կավարտվեր:

Հ.Գ. Խաղից հետո կայացած մամուլի ասուլիսում Վարդան Մինասյանը կտրականապես հրաժարվեց մեկնաբանել մրցավարությունը, ինչը հասկանալի է: Բայց նա շատ կարևոր խոսքեր ասաց. «Մեր տղաները 21-22 տարեկան են, որոնց պակասում է փորձը: Իսկ փորձը ոչ մի գրքում չես կարդա և չես սովորի»: Եվ նա լիովին ճիշտ է: Մեր հավաքականը մեծ հեռանկարներ ունի: Եվ պետք չէ կենտրոնանալ Լեհաստան և Ուկրաինա գնալու վրա: Մենք դեռ պատրաստ չենք Եվրո-2012-ին: Բայց Եվրոները և Մունդիալները դեռ գալու են… հաստատ գալու են…

%d bloggers like this: